24/04/2024 19:24
«Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը
Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը ոգեկոչելու համար հազարավոր քաղաքացիների հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում էին նաև ԲՀԿ անդամները։ Հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ է դրվել՝ Գագիկ Ծառուկյանի անունից։
«Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Մելքումյանը՝ հավելելով՝ դա նշանակում է նաև տեսակի փոփոխություն, տեսակ, որը չի կոչվում հայ։
Շաքե Իսայանն ընդգծել է․ «Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած պետություն, պետք է իր հանձնառությունը վերահաստատի աշխարհին՝ ճշմարտությունը վերականգնելու գործում»։
Իվետա Տոնոյանը համոզմունք է հայտնել՝ Թուրքիան, ի վերջո, պատասխան տալու է Հայոց ցեղասպանության իրակագործման համար, պատմական արդարության վերականգնմանը պետք է հասնենք։