24/04/2024 09:46
«Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում: ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախագծի հիմնական շեշտադրումն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է համապատասխանեն միջազգային նորմերին և բխեն միջազգային իրավական մի շարք կարևոր փաստաթղթերից: Այսինքն՝ ԱԺ հայտարարության մեջ հստակ նշվում էր, թե ինչի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը:
Երեկ այն քննարկվեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում, բայց ՔՊ-ականները, առանց որևէ հիմնավորման, մերժեցին ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը՝ դեմ քվեարկելով դրան: Հանձնաժողովի անդամ, իր ադրբեջանամետ հայտարարություններով աչքի ընկնող Մարիա Կարապետյանին, սակայն, ընդդիմության նախագիծը դուր չեկավ, ու նրա «հուշումներով»՝ հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին նախագծին: Ընդ որում՝ բացի իրենց անգիր արած հայտարարություններից, այդպես էլ որևէ հստակ պատճառաբանում չբերեցին՝ ինչու են մերժում նախագիծը: Այլևս փաստ է՝ իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած ՔՊ-ականները քաղաքական առաջին ամբիոնում՝ խորհրդարանում, բոլոր որոշումները կայացնում են բացառապես միանձնյա ու շարժվում են ոչ թե պետական շահով, այլ պարզապես իրենց քաղաքական քմահաճույքով»։