25/04/2024 19:38
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են նպաստել մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը: Թիրախում հատկապես սահմանապահ ու սահմանամերձ գյուղերն են: Տարիների գործընկերներն ամփոփել են հերթական նախագծի արդյունքը: «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Երասխ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է 25 կՎտ/ժամ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Այն ապահովելու է բավարար քանակի հոսանք՝ էլեկտրական կաթսաների միջոցով ջեռուցման համար: Այլընտրանքային էներգիայով աշխատող կայանից կարող են սնվել նաև հոսանքակիր սարքավորումներ, որի արդյունքում մանկապարտեզը հոսանքի ծախս չի ունենա: Համակարգի գործարկմանը ներկա են եղել Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Գործընկեր կազմակերպությունների իրականացրած ծրագիրը ոչ միայն ջեռուցման հարցի կարգավորում է, այլև՝ ռազմավարական տեսանկյունից արդարացված ու սպասված աջակցություն: Երասխում երկար տարիներ մանկապարտեզ չի գործել: Երեխաներին ընդունել է նախադպրոցական կրթական գործունեության իրավունք ստացած դպրոցն՝ իր նախակրթարանում: Չորս տարի առաջ, դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցվել է մանկապարտեզի համար:
«Երասխում մարդիկ պետք է ապրեն այն վստահությամբ, որ մենակ չեն: Մեզ համար սա հերթական այց և ծրագիրը գնահատելու հնարավորություն է, իսկ սահմանապահ գյուղում ապրողների համար՝ երկարաժամկետ արդյունք ապահովող կարևոր աջակցություն: Մենք տեսնում ենք ծրագրի էմոցիոնալ կողմը՝ մարդկանց գոհունակությունը, իսկ բնակիչները՝ ռացիոնալ կողմը՝ այլընտրանքային էներգիայով ջեռուցվող սենյակները, հոսանքի ծախսի կրճատումը և աջակցությունը մանկահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Սահմանապահ գյուղերում իրականացվող ցանկացած ծրագիրը կարևոր է: Դա է նաև պատճառը, որ մենք հետևողականորեն տարեցտարի նպաստում ենք նոր տեխնոլոգիաներով աշխատող ենթակառուցվածքների ներդրմանը: Երկրում զարգացումը պետք է հավասարապես ներառի մարզերը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերը և ակտիվացնել բնակիչների կյանքը։ Արևային կայանների արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսերի ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը: Ավելին՝ հնարավոր կլինի ավելացնել սաների թիվը, նոր խումբ բացել և օգտակար լինել նաև մոտակա գյուղերում ապրող ընտանիքներին:
«Հայաստանի սահմանամերձ գյուղերը մշտապես մեր հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների հատուկ ուշադրության ներքո են: Թե´ լուսավորության համակարգերը, թե´ դրանց հաջորդող՝ արևային կայանները կենսական կարևորություն ունեն սահմանապահ համայնքների համար։ Ուրախ ենք, որ այսօրինակ ծրագրերով հաղթահարվում են համայնքների համար օրակարգային հարցեր և նախակրթարաններն ապահովվում են ջեռուցմամբ՝ առանց հավելյալ ծախսերի: Այսօր գործարկվող արևային կայաններով արտադրած էներգիան թույլ կտա ապահովել Երասխի մանկապարտեզի բնականոն աշխատանքը»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Երասխն «Էկոգյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված հերթական բնակավայրն է: Համատեղ իրականացվող ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրելու մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: