25/04/2024 10:17
ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով՝ դա կարևոր քայլ է երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
«Ինչպես պետքարտուղարն արդեն նշել է՝ մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման համաձայնության վերաբերյալ հայտարարությունը: Սա կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն ուղղված կարևոր քայլ է»,- նշել է Պատելը։