25/04/2024 11:32
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Բնակիչները սպասողական վիճակում են։
«Ականազերծման աշխատանքներին սպասում ենք, տեսնենք՝ որտեղից են սկսելու։ Կիրանցը դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ պայքարի մեջ է եղել, բայց հիմա այսպիսի իրավիճակում ենք, անորոշություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած Կիրանցի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ իրենց ցույց են տվել ուրիշ սահման, բայց գծում են ուրիշ սահման, որը գյուղի ներքևի հատվածով է անցնում։
«Ստացվում է, որ նախատեսած, իրենց ներկայացրած սահմանից ավելի մեծ սահմաններ են ընդգրկվելու, ըստ իրենց, որպես Ադրբեջանի տարածք։ Գյուղի մի քանի տուն հայտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։
Ասում էին՝ Հայաստանի հպարտ քաղաքացի, ապագա կա... Ուզում ենք իրենք ներկայացնեն՝ Հայաստանն ի վերջո ապագա ունի՞, թե՞ ոչ։ Ինչի՞ է այս ամենը տանում։ Կործանմա՞ն։ Հող տանք, հա, էլի՞։ Մինչև ե՞րբ տանք։ Հերիք է, էլ տեղ չկա։ Այսպես ապրելն ո՞ւմ է պետք։ Թող զենք տան, մենք պայքարենք, մեր հողը պահեն»,-շեշտեց բնակիչը։