25/04/2024 10:51
Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
2022թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը:
Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնումը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գտնում է գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին։