25/04/2024 10:32
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Ապրիլի 24-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների և Շվեդիայում Հայաստանի դեսպանության կողմից։ Այդ մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Շվեդիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բյորն Սյոդերը, բարեկամության խմբի անդամ Արին Կարապետը։
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես են եկել գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը շվեդների աչքերով» գրքի հեղինակ, դոցենտ Գյորան Գյունները և շվեդ լրագրող, 44-օրյա պատերազմին նվիրված «Ես դանդաղ մեռնում եմ ամեն օր» գրքի հեղինակ Ռասմուս Քանբեկը։
«Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։ Դեսպան Աղաջանյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման և ընդհանուր անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների, իսկ մեր պարագայում՝ 2020թ․ Արցախյան երկրորդ պատերազմին, Արցախի/Լեռնային Ղարաբաղի տևական շրջափակմանը, և ի վերջո՝ 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիային ու ավելի քան 100.000 արցախահայության էթնիկ զտմանը։
Հայ ժողովրդին իր սեփական բնօրրանում ապրելու, արարելու, ինքնությունից զրկելու և արմատախիլ անելու ձգտման գիտակցումն այսօր մեզ պետք է առաջ մղի էլ՛ ավելի արժևորելու հայ ազգի և հայոց պետականության գոյությունն ու առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալու ապագայի կերտմանը։
Միջոցառմանը, որին մասնակցում են Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երաժշտական կատարումներով հանդես է եկել Վանինի Բիլեմջիանը», - ասվում է հաղորդագրությունում: