26/04/2024 22:44
Կարդիոգեն շոկ․ Ինչ անել
Կարդիոգեն շոկը կյանքին սպառնացող վիճակ է, երբ սիրտը հանկարծակի չի կարողանում անհրաժեշտ չափի արյուն մղել օրգանիզմի կարիքները բավարարելու համար:
Այս վիճակն առավել հաճախ առաջանում է սրտամկանի ծանր ինֆարկտի հետևանքով, սակայն սրտամկանի ինֆարկտ տարած ոչ բոլոր անձանց մոտ է զարգանում կարդիոգեն շոկ:
Կարդիոգեն շոկը հազվադեպ հանդիպող վիճակ է, սակայն հաճախ՝ մահացու, եթե անմիջապես չբուժվի: Շտապ բուժման դեպքում կարդիոգեն շոկով մարդկանց մոտ կեսից ավելին ապրում է:
Կարդիոգեն շոկի գանգատներն ու ախտանիշները ներառում են.
արագ շնչառություն,
օդի սուր պակաս, շնչարգելություն և հևոց,
հանկարծակի, արագացած սրտազարկ (տախիկարդիա),
գիտակցության կորուստ,
թույլ անոթազարկ (պուլս), որը երբեմն ձեռքի վրա չի շոշափվում,
ցածր արյան ճնշում (հիպոտենզիա),
քրտնարտադրություն,
գունատ մաշկ,
սառը ձեռքեր կամ ոտնաթաթեր,
նորմայից քիչ միզելը (օլիգուրիա) կամ ընդհանրապես չմիզելը (անուրիա):
Կարդիոգեն շոկը սովորաբար զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ծանր սրտամկանի ինֆարկտ, ուստի կարևոր է իմանալ սրտամկանի ինֆարկտի գանգատներն ու ախտանիշները:
Դրանք ներառում են՝
ճնշում, լցվածություն կամ սեղմող ցավ կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի ետևում), որը տևում է ավելի քան մի քանի րոպե,
ցավը տարածվում կամ ճառագայթում է ուսին, մեկ կամ երկու ձեռքերի, թիկունքի կամ նույնիսկ ատամների և ծնոտի վրա,
կրծքավանդակային ցավի (կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի) դրվագների ավելացում,
շնչարգելություն և հևոց,
քրտնարտադրություն,
ուշագնաց լինելու զգացում կամ հանկարծակի գլխապտույտ,
սրտխառնոց և փսխում:
Այս գանգատների կամ ախտանիշների առկայության դեպքում պետք է արագ դիմել բժշկին՝ կարդիոգեն շոկի զարգացման ռիսկը նվազեցնելու համար:
Սրտամկանի ինֆարկտի բուժումը արագորեն բարելավում է ապրելու հնարավորությունը և նվազեցնում սրտի վնասումը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն