26/04/2024 13:50
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն առաջարկեց ավտոմեքենաների գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի։
«Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ երբեմն քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, բայց մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ»,– ընդգծեց պատգամավորը։
Թունյանը բացատրեց, որ մարդը ինչ-ինչ խնդիրներ է ունեցել և հաշիվները կալանքի տակ են ընկնում։ «Հիմա ինքն ուզում ա իր մեքենայով տաքսի վարի, որ փող աշխատի՝ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես, չենք թույլ տա տեխզննություն անցկացնել, այսինքն՝ այդ մարդուն դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ։ Այդ նպատակահարմարությունը պետք է քննարկել»,-ասաց նա։
«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։