26/04/2024 18:58
«Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել
Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ և հատման կետեր փնտրեն՝ նույնիսկ տարաձայնությունների առկայության պայմաններում, հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։
«Այս տարի լրանում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 45-րդ տարին։ Անցած 45 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները վերելքներ ու վայրէջքներ են ապրել և այսօր շատ կարևոր է, որ երկու երկրները լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, օգնեն միմյանց հասնել հաջողության , ոչ թե վնաս հասցնեն միմյանց»,- մասնավորապես, ասել է Սի Ծինփինը:
Նա հավելել է, որ եղած տարաձայնությունների առկայության դեպքում նույնիսկ Չինաստանն ու ԱՄՆ պետք է հատման կետեր գտնեն՝ «անբարեխիղճ մրցակցություն վարելու փոխարեն»։
«Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնան իրենց խոսքին, ոչ թե մի բան ասեն, բայց անեն ճիշտ հակառակը»,- ասել է նա։