26/04/2024 13:04
Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը:
Հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնությունը հրապարակվելուց հետո ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Մասնավորապես, Ս.Ի-ն և Դ.Ի-ն, զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, որից հետո, Ս.Ի-ն, լրացնելով այլ անձանց գործողությունները, ոտքերով մի քանի անգամ հարվածել է ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, ինչի հետևանքով այն նախ վնասվել, ապա՝ բացվել է: Դրանից հետո, Ս.Ի-ն և Դ.Ի-ն, զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք, որտեղ շարունակել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունները։ Արդյունքում ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել և ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը։ Այդ ամենով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
Մասնավորապես, Ս.Ի.-ն, Դ.Ի.-ի և զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ բարձրանալով շենքի 3-րդ հարկ, վնասելու դիտավորությամբ ցատկել և ոտքով մեկ անգամ հարվածել է «Կարմիր դահլիճ» անվանումով սրահի մուտքի երկփեղկ դռներին, այնուհետև մոտենալով նույն հարկում տեղակայված աշխատասենյակի ընդունարանի պատին ամրացված ցուցանակին՝ քաշել և պոկել է այն, թքել դրա վրա, գցել գետնին և ոտքերով հարվածելով վնասել այն, որից հետո հանցակիցների, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ մուտք է գործել նույն հարկում գտնվող «Սպիտակ դահլիճ» անվանումը կրող սրահ և վնասելու դիտավորությամբ ոտքով հարվածել է սրահում գտնվող փակ դռներից մեկին:
Այնուհետև Ս.Ի.-ն փորձել է քաշելով պոկել ՀՀ կառավարության շենքի աշխատասենյակների ցուցանակները, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է պատին ամրացված կրակմարիչը, այլ անձանց, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ դրանով հարվածելու և ձեռքով քաշելու միջոցով պատից պոկել և գետնին են գցել ցուցանակները՝ վնասելով դրանք:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն իր հերթին՝ առանձին, հաստատապես գիտակցելով իրենց գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, հափշտակել են ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ՀՀ դրոշներ:
Նկարագրված արարքները կատարելու համար Ս.Ի.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Դ.Ի.-ի նկատմամբ՝ նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հետախուզման մեջ գտնվող Ս․ Ի․-ն հայտնաբերվել և ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Դ.Ի-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Մինչ օրս 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով դատարան է ուղարկվել 39 անձանց վերաբերյալ քրեական վարույթ: