26/04/2024 16:04
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին
Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվում է բացառապես դպրոցականների մասնակցությամբ: Հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և ՀՀ մարզերի 5-9-րդ և 10-12-րդ դասարանների շրջանում անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը:
Ընդհանուր առմամբ՝ հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:
Սովորողների թվով ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ համայնքային փուլերին 86 դպրոցի շուրջ 500 աշակերտ է մասնակցել: Ըստ մարզերի՝ առավել բարձր ցուցանիշ է գրանցել Վայոց ձորը, որտեղ դպրոցների 75%-ն ապահովել է մասնակցություն մրցաշարին՝ համապատասխան թիմերի միջոցով: Երկրորդ տեղում դպրոցների մասնակցության 72.72 % ցուցանիշով Արագածոտնի, իսկ երրորդ տեղում՝ Տավուշի մարզն է (56.09 %): Երևանի և ՀՀ մարզերի դպրոցների մասնակցության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը՝ այստեղ:
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Բուն մրցման նախորդ օրը՝ ապրիլի 27-ին, մրցաշարի մասնակիցները կհանգրվանեն Աղվերանում, որտեղ կկազմակերպվի ճամբար: