26/04/2024 09:51
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու գործն իր վրա է վերցրել: Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի տիկինը գնացքով գնացել է Գյումրի: ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից: Այսպիսով՝ տեղեկացանք, որ վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել: Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են:
Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:
ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար: Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ և անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարևոր «առաքելությունն» իր վրա է վերցրել:
Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաև ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել: Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»։