27/04/2024 18:09
ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում»
ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ:
ՆԳՆ Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթ 7 օր ռեժիմով իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ձեռնարկելով հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ:
Իրավապահ կառույցն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է օրենքով իրեն տրված իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակներում հնարավորինս նվազ միջամտության միջոցառումների կիրառումը:
ՆԳՆ Ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնց ողջ ընթացքը գտնվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության մշտադիտարկման ներքո:
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, անհիմն կամ, այսպես ասած՝ սեփական, բայց իրականում անհայտ ծագման աղբյուրներին հղում անելով՝ չթիրախավորել ՆԳՆ Ոստիկանությանը, զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից և հիմք ընդունել Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները, մեկնաբանությունները»: