27/04/2024 17:31
«Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանց-Աճարկուտ հատվածում հանդիպել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Վերջինիս շնորհիվ հնարավոր է դարձել ձևակերպել բնակիչների արդար բողոքն ու դժգոհությունը, որ պայմանավորված է Հայաստանի դե-ֆակտո հակահայկական իշխանությունների կողմից տավուշյան հողերի հանձնման մտադրությամբ և քայլերով։
«Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն։ Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները, իրավիճակի վերաբերյալ խորքային ըմբռնումներն ու գալիքի տեսլականը։
«Հայկական նախագիծը» վերահաստատում է ս․ թ․ ապրիլի 23-ին տարածած հայտարարության մեջ նշված հանձնառությունը՝ իր բաժին ներդրումն ունենալու Հայաստանի ճակատագրի համար հանձնառություն ստանձնած ուժերի իրական քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու մեխանիզմների առաջարկման, կիրառման հնարավորությունների մատնանշման և իրականացման գործում։