27/04/2024 10:10
«Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են միայն ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները, վաղուց նորություն չէ: Փաշինյանի ոստիկանության վայրագ, հակամարդկային, զուտ իշխանավարող մեկ անձի կույր գործիք լինելու «համբավն» արդեն աշխարհով մեկ է թնդում, այն աստիճան, որ նույնիսկ Փաշինյանին իշխանության բերելու գլխավոր շահառու աշխարհաքաղաքական կենտրոններն են ստիպված արձանագրել ու բարձրաձայնել դրանց մասին: Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի անհնազանդության ժողովրդական դրսևորումները եկան վերահաստատելու, որ Փաշինյանի ոստիկաններն իրենց առանձնահատուկ ատելության մեջ ոչ մի «կարմիր գիծ» չունեն: Մաքսիմում՝ կարմիր բերետ:
Կանայք, դեռահասներ, ծերեր՝ նրանց համար ոչ մի նշանակություն չունի: Ի լրումն այդ ամենի, ինչպես երևում է, Փաշինյանի ոստիկանության համար լրագրողները դիտարկվում և ընկալվում են որպես «դասակարգային թշնամի»: Այն չարությունն ու բացահայտ ատելությունը, լրագրողներին անպայման որևէ վնաս կամ վնասվածք պատճառելու այն մարմաջը, որով համակված են փաշինյանական ոստիկանները, երևի աշխարհի նույնիսկ ամենաոչժողովրդավար երկրներում չկա: Նախօրեին բոլորը տեսան, թե «փառապանծ» ոստիկաններն ինչպես են քաշքշում «Հայելի.ամ»-ի խմբագիր Անժելա Թովմասյանին:
Ավելի վաղ Տավուշում ընթացող անհնազանդության ակցիաների ժամանակ մեկ այլ լրագրողի էին վնաս պատճառել, տվյալ պարագայում աշխատանքային գործիք հանդիսացող հեռախոսն էին միտումնավոր վնասել: Մեկ այլ տեղում՝ մեկ ուրիշ բան: Դեռ չենք խոսում նախկին դեպքերի մասին: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն անչափ վախի, այն սարսափի մասին, որով համակվում են ինչպես ոստիկանները, այնպես էլ նրանց քաղաքական ղեկավարությունը՝ ողջ քպաթիմով հանդերձ: Դե, վախ չափելուն չենք հավատում, մնացածը... կերևա»։