27/04/2024 12:29
Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները
Ավստրիական Կարմիր Խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ից 26-ը ՆԳՆ փրկարար ծառայության սպաների համար կազմակերպվել և անց են կացվել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ։
Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Լուսակերտի ուսումնական բազայում երկու փուլով՝ յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ, որին մասնակցել են Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների մոտ 30 փրկարարական ծառայող, հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերից 2 կամավոր։
Որպես դասընթացավարներ ծրագրին ներգրավվել էին ֆրանսիացի փորձագետներ և հրշեջ-կամավորներ, ՆԳՆ ՃԿՊԱ դասախոսներ։
Դասընթացների նպատակն է նպաստել ՀՀ բոլոր մարզերում արտակարգ իրավիճակների արձագանքման կամավորական ինստիտուտի զարգացմանը՝ վերապատրաստելով ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ծառայողներին, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն մարզերում իրենք վերապատրաստելու արդեն իսկ գործող 8 հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերի, ինչպես նաև առաջիկայում նախատեսված 4 նոր հենակետերի հրշեջ-փրկարարական կամավորական խմբերի անձնակազմին։
Կարևորելով մարզերում կամավորական թիմերի վերապատրաստման խնդիրը՝ Տ․Պետրոսյանը մեջբերեց նախորդ տարիների հաջողված փորձը՝ մասնավորեցնելով Կոտայքի մարզի Գառնու և Վայոց ձորի մարզի Խաչիկի հենակետերի ակտիվ ներգրավվածությունը հրդեհաշիջման աշխատանքներում, որոնք գրանցված դեպքերում արդյունավետորեն ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ՝ մինչ հիմնական ուժերի ժամանումը։
Վերապատրաստումների ընթացքում ուսուցանվողներին ներկայացվեցին «Անտառային և բնության մեջ հրդեհների», «Գործառնական կառավարման», «Ազդարարման համակարգման», «Կառուցվածքային և գործառնական հրդեհների», «Տեխնոլոգիական և բնական ռիսկերի» վերաբերյալ տեսական գիտելիքներ, տեղի ունեցան ֆրանսիական հրշեջ ծառայության կողմից մշակված և ներդրված հրդեհաշիջման տեխնիկաների ներկայացում և քննարկումներ, որոնց հաջորդեցին գործնական մոդուլներ՝ վարժանքներ և տակտիկական պարապմունքներ։