27/04/2024 09:44
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել է. 5 աշխատակցից մնացել է 1-ը՝ Արա Խաչատրյանը, մյուս 4 մասնագետները հեռացել են։ Նրանցից մեկն է միայն նախարարի հրամանով ազատվել՝ վարչության պետ Արմեն Ավետիսյանը։
Հիշեցնենք. հունվարի 5-ին Արմավիրի Արագած գյուղի դպրոցում ստուգայց կատարած Փաշինյանը պոկել էր մարզադահլիճի ցնցուղի գլխիկը ու ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննայի քթի առաջ այն թափահարելով, հարցրել դրա գինը։ Հետագայում պարզվեց, որ 5 հազար դրամանոց ցնցուղի գինը փաստաթղթերում ներկայացված է մոտ 72 հազար։ Միջադեպից հետո Տնտեսակազմակերպական վարչության պետ Արմեն Ավետիսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսվեց, որի արդյունքում նրան ազատեցին պաշտոնից։ Այժմ Արմեն Ավետիսյանը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին` ապօրինի որոշման համար, քանի որ կարծում է՝ ինքը կապ չունի ցնցուղի գնման գործընթացի հետ։
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ՝ կարգապահական տույժի տեսակ, պետի «ծառայության դադարեցում» կիրառելու» հրամանը, ինչպես նաև բռնագանձել պարապուրդի ընթացքում չստացած միջին աշխատավարձի գումարը և վերականգնել իրեն պաշտոնում, իսկ դրա անհնարինության դեպքում նշանակել այլ համարժեք պաշտոնի։ Նախնական դատական նիստն ապրիլի 30-ին է լինելու` վարչական դատարանում։ Վարչության պետի պարտականությունները նրա ազատվելուց հետո դրվել են տեղակալի վրա, ով, սակայն, չի ցանկացել աշխատել և ազատման դիմում է գրել։ Տեղակալի հետ ազատման դիմումներ են գրել նաև վարչության ևս 2 գլխավոր մասնագետներ։ Փաստորեն, պետական աշխատողների մի մասը սկսել է հասկանալ, որ իրենց քավության նոխազ են դարձնում և շոուների զոհ»։