27/04/2024 16:56
«Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը՝ ուղղված Երկրապահ կամավորական միությանը․
«Երկրապահից հանեք «պահել» արմատը։ Դուք երկրի հետ կապ չունեք։ Հիմա դուք ուրիշ բան եք պահում, որը ո՜չ երկրի, ո՜չ արժանապատվության, ո՜չ պետականության, ոչ էլ հայ մարդու հետ կապ չունի։
Երկրապահը մեզ հող ու հայրենիք վերադարձնողն էր, հողի ու ինքնության համար նահատակվողը, թշնամու առաջ չծնկողը, մեզ հաղթանակ ու արժանապատվություն պարգևողը։
Ձեզանից սահման կամ մարտական դիրք պահել չեմ ակնկալում։ Շատերդ այդ տարիքում չեք․․․
Բայց ձեր լռությունը դիակապտության է համազոր, դահճի կուրության․․․
Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, Հողն ու անարգվող Հայոց Դրոշը, որի փեշերը համբուրել եք կամ երազել հանգչել նրա տակ։
Ձեր լռությունը դիակապտության է համազոր, երբ ամեն օր պղծական վարքով անարգվում է ձեր առաջնորդի ու Սպարապետի՝ Վազգենի հիշատակն ու ուխտը, ձեր եղբայրերի արյամբ թանձրացած հողն են ուրանում։
Ձեր լռությունը դիակապտության է համազոր, որովհետև դուք լռում եք երեսուն արծաթի լռությամբ՝ դառնալով կույր վկան ցավից ոռնացող, որբացող ու բզկտվող մեր երկրի։
Քանդե՛ք ձեզ կաշկանդող կապանքները, թուլությունն ու նվաստացումը, կոտրե՛ք ձեր լռությունը, արթնացրե՛ք ձեր խիղճն ու արժանապատվությունը․․․
Ձեր լռությունը չի ներվելու․․․»