27/04/2024 21:05
Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։
Սամվել Նահապետյանը հարցրել է. «Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ, չեք կարծո՞ւմ, որ այս պրոցեսներն ուղիղ կապ ունեն այս հանդիպումների հետ»:
«Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների դետալները ընդգծում են ընդհանուր պատվեր։ Ո՛չ ԱՄՆ֊ն, ո՛չ ԵՄ֊ն հայ ժողովրդի թշնամիները չեն, բայց ստեղծված իրավիճակում փորձում են մաքսիմալ կապիտալիզացնել իրադարձությունները` հօգուտ սեփական շահերի։ Վերջիվերջո, թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող վերջին արգումենտը այն է, որ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզանից ի՞նչ եք ուզում։ Անշուշտ, այդ փաստարկը ազնիվ չէ, գոտկատեղից ներքև հարված է հիշեցնում։
Նախ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ ունեն իրենց թողած մատնահետքերը։ Եվ երկրորդը, հայ ժողովրդի իրական բարեկամները այդպես չպիտի վարվեն։ Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է, և Հայաստանը տանում է ինքնասպանության։ Ոնց որ Կիևյան կամուրջի մոտ ձորը նետվող մարդ տեսնեք և, փոխանակ շտապ ոստիկանություն կանչեք կամ համոզեք, որ չնետվի, մեկը լայվ մտնի՝ դիտումների խաթր ինքնասպանությունը ուղիղ եթերում հեռարձակելու , մյուսը` քաջալերի՝ «ճիշտ ես անում, ախպեր» ոճի մեջ, էն մյուսն էլ գտնի նետվողի հարևաններին և հետները քննարկի նրա հողամասի ճակատագիրը։
Սրտացավ մարդիկ այդպես չեն վարվի։ Նույնը Հայաստանի ներկա իրավիճակին է վերաբերում»,- պատասխնել է Արմեն Աշոտյանը։