27/04/2024 00:36
Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց
Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում հայտնաբերել են տղամարդու մարմիններ:
Եվս 2 հոգի նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամաենլ է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Արամայիս Բաբայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև փորձաքրեագետներ:
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն նշված հյուրանոցային համալիրը գազաֆիկացված չէ, գազ չի օգտագործում:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը:
Տեղի ունեցածը սպանություն է թե դժբախտ պատահար, պարզվում է: