27/04/2024 22:51
Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։
Կարեն Մանվելյանը (Տավուշ) հարց է ուղղել. «Մեր տները հանձնում են թուրքին, մենք քանի օր է՝ ճանապարհ ենք փակել, չենք հանձնվում։ Ո՞նց պայքարենք, ի՞նչ անենք»:
«Նախ, ուզում եմ իմ լիակատար համերաշխությունն ու սատարումը հայտնել հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին։ Ինչպես ասել եմ իմ գործով խայտառակ դատական նիստերից մեկի ժամանակ` եթե ազատության մեջ լինեի, կլինեի Տավուշում։ Սակայն այս պայքարը միայն Տավուշի պայքարը չէ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է իր վճռական խոսքն ասի և ճակատագրական քայլն անի` կանխելու մեր պետության փլուզումը։ Կեղծ սահմանազատման և Ադրբեջանին մեր տարածքները հանձնելու դավադիր ծրագիրը ներառում է նաև սահմանամերձ մյուս մարզերը, քաղաքներն ու գյուղերը։ Բացի դրանից, այն, ինչ կատարվում է, հետևանք է։ Պատճառը Փաշինյանն է։ Եվ մինչ տավուշցիները պայքարում են հետևանքների դեմ, մենք բոլորս պիտի պայքարենք պատճառի դեմ։ Միայն այս դեպքում է հնարավոր առողջացման և կայունացման շանս ունենալ։
«Ադրբեջանցին կգա, առևտուր կանեք» ստորացուցիչ թեզը չի աշխատել և չի աշխատում ոչ մի երկրում, որտեղ սեփական շահերը այլ հարթություններում են դիտվում։ Նույն Brexit֊ի հետևանքով անգլիացիք ավելի դժվար են առևտուր անում ԵՄ֊ի հետ, սակայն դա չի խանգարում Մեծ Բրիտանիային՝ իրացնել սեփական քաղաքականությունը։ Եթե նման հարցերը միայն առևտրով լուծվեին, ապա նույն ԵՄ֊ի ներսում նման խնդիրներ չէին լինի (Ֆլանդրիա, Կիպրոս, Բասերի երկիր,Կատալոնիա և այլն)։ Իրոք, թամաշա անելու ժամանակը չէ։ Նիկոլը չունի այդքան բերետ, ոստիկան, քննիչ և դատախազ, Հայաստանում այդքան բանտ և խուց չկա, որ բոլորին նստացնեն։ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։