29/04/2024 21:07
Մաշկային ակտինիկ կերատոզ․ Հետևանքները
Ակտինիկ կերատոզը մաշկի վրա կոպիտ, թեփոտված բծերի առկայությունն է, որը զարգանում է արևի ճառագայթների տարիներ շարունակվող ազդեցությունից:
Այն հաճախ հանդիպում է դեմքի, շրթունքների, ականջների, նախաբազուկների, գլխի, պարանոցի վրա կամ ձեռքերի ետին մակերեսին:
Ակտինիկ կերատոզը նաև հայտնի է որպես արևային կերատոզ: Այն զարգանում է դանդաղորեն և սովորաբար առաջին անգամ ի հայտ է գալիս 40 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ (այստեղից էլ մյուս անվանումը՝ ծերունական կերատոզ):
Ակտինիկ կամ արևային կերատոզն առաջանում է արևի կամ սոլյարիի ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթների հաճախակի կամ ինտենսիվ ազդեցության հետևանքով:
Կարելի է կրճատել այս մաշկային հիվանդության ռիսկը՝ նվազագույնի հասցնելով արևի ճառագայթների ազդեցությունը և պաշտպանելով մաշկը ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթներից:
Չբուժվելու դեպքում ակտինիկ կերատոզի` մաշկային քաղցկեղի մի տեսակի վերածվելու ռիսկը, որը կոչվում է տափակբջջային կարցինոմա, կազմում է մոտ 5%-10%:
Ակտինիկ կամ արևային կերատոզները կարող են տարբերվել արտաքին տեսքով:
Ախտանիշները ներառում են հետևյալը՝
մաշկի կոպիտ, չոր կամ թեփուկավոր բիծ, սովորաբար՝ մինչև 2,5 սանտիմետր տրամագծով,
մաշկի վերին շերտի վրա տափակ կամ թեթևակի բարձրացած բիծ կամ գերաճ,
որոշ դեպքերում՝ պինդ, գորտնուկանման մակերես,
գունային փոփոխություններ, այդ թվում՝ վարդագույն, կարմիր կամ շագանակագույն,
քոր, այրոց, արյունահոսություն կամ կեղևակալում,
գլխի, պարանոցի, ձեռքերի և նախաբազուկների արևի ազդեցությանը գտնվող շրջաններում նոր բծեր կամ գոյացություններ:
Մաշկի ոչ քաղցկեղային ախտահարումները քաղցկեղայինից տարբերակելը կարող է դժվարություն ներկայացնել: Ուստի ավելի լավ է, որ մաշկային փոփոխությունները գնահատվեն բժշկի կողմից, հատկապես, երբ թեփուկոտ շրջանը կամ գերաճը երկարատև ժամանակի ընթացքում պահպանվում, աճում կամ արյունահոսում է:
Ռիսկի գործոններ
Յուրաքանչյուրի մոտ կարող է առաջանալ ակտինիկ կերատոզ, սակայն ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնք՝
ունեն կարմիր կամ շիկահեր մազեր և կապույտ կամ բաց գույնի աչքեր,
ունեն արևի ազդեցությանը հաճախակի ենթարկվելու կամ արևայրուքի պատմություն,
հակված են պեպենների կամ արևայրուքի, երբ ենթարկվում են արևի ճառագայթների ազդեցությանը,
40 տարեկանից մեծ են,
ապրում են արևոտ շրջանում,
աշխատում են դրսում,
ունեն թուլացած իմունային համակարգ:
Վաղ բուժման դեպքում ակտինիկ կամ արևային կերատոզը կարող է վերանալ կամ հեռացվել:
Սակայն, չբուժվելու դեպքում, մաշկային ախտահարման շրջաններից մի քանիսը կարող են վերածվել տափակ բջջային կարցինոմայի: Սա քաղցկեղի մի տեսակ է, որը վաղ հայտնաբերելիս և բուժելիս սովորաբար կյանքի համար վտանգ չի ներկայացնում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ