29/04/2024 13:02
Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը
Լուսանկարի տղաներին հավանաբար հիշում եք։ Ադրբեջանը Հակարի կամրջին նրանց առևանգել էր 2023 թվականի օգոստոսի 28-ին, երբ վերջիններս ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվում ուսման նպատակով։
«Ամեն ինչ սկսվել է մեզ առևանգելուց 3 տարի առաջ, երբ որպես ֆուտբոլային սիրողական ակումբի մասնակիցներ տրորել ենք Ադրբեջանի դրոշը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմել է Վահեն։
Տղաներն ուսման նպատակով տեղափոխվում էին Հայաստան։ Սակայն, Հակարի կամրջին ադրբեջանցի ծառայողները նախ Ալենին, ապա Վահեին ու Լևոնին են առևանգել։ Նրանց մեքենայով տեղափոխել են Կուբաթլուի օդանավակայան, այնուհետև փակ աչքերով ու ձեռնաշղթաներով ուղղաթիռով տարել Բաքու։ Ամբողջ ճանապարհին միայն մեկ անգամ են բացել աչքերը, արձակել ձեռքի կապանքները՝ ինչ-որ թուղթ ստորագրելու նպատակով։
Տղաներն ասել են, որ ըստ ադրբեջանցի դատավորի՝ իրենց սպառնում էր մինչև 20 տարվա ազատազրկում, բայց Ալիևի «մարդասիրությամբ» պայմանավորված, պետք է մնային 10 օր։ Վահեն, Ալենն ու Լևոնն էլ գիտակցում էին, որ իրենց այնտեղ հայտնվելն ընդամենը պատճառ էր բլոկադայի մեջ գտնվող հայրենակիցների շրջանում վախ ու խուճապ առաջացնելու նպատակով։
«Հեռուստացույց դիտելու, նաև ռուսերեն տպագրված Աստվածաշունչ ու հայ գրականություն ընթերցելու հնարավորություն են տվել։ Օրվա մեջ մի քանի անգամ 15 րոպե հանգստի հնարավորություն ունեինք։ Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային. դա մաքուր օդ շնչելու տեղ էր»,- պատմել են գերությունից վերադարձած երիտասարդները։
Նրանց խոսքով՝ գերության 10 օրերի ընթացքում իրենց այցելել են Ադրբեջանի ՄԻՊ-ը, Կարմիր խաչի կոմիտեն։
«Բացի այդ, բանտի ծառայողներն էին մեկ-մեկ մեզ հետ զրույցի բռնվում, ծխախոտ առաջարկում, որից մենք հրաժարվում էինք։ Մեկ անգամ ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն են տվել, խոսել ենք, մերոնց՝ հանգստացրել, որ ամեն բան լավ կլինի։ Իհարկե՛, դա անհրաժեշտ էր»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։