29/04/2024 15:49
Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաև այն մասին, որ երիտասարդն իրականացնում է թմրանյութերի առցանց գովազդ։
Մասնավորապես, իրականացված քննութամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս իր կողմից շահագործվող տելեգրամյան 2 ալիքների միջոցով կապ է հաստատել թմրանյութերի առցանց վաճառքով զբաղվող տելեգրամյան խանութ-հարթակի՝ օգտատիրոջ հետ ու վերջինիս առաջարկել թմրանյութի գնորդներ ձեռք բերելու նպատակով գովազդել նրա էջը, ինչը հետագայում իրականացնել է սոցցանցային իր ալիքների միջոցով։
Այդ կերպ երիտասարդը խանութ-հարթակի համար հավաքել է մեծ թվով հաճախորդներ, խթանել թմրանյութերի վաճառքը, ինչի դիմաց իր անձնական օգտագործման համար ստացել է տարբեր տեսակի թմրանյութեր:
Այնուհետև, նույն խանութ-հարթակի կողմից վաճառվող թմրանյութերը գովազդելու նպատակով, տելագրամյան իր ալքիների և դրանց զրուցարանի միջոցով կազմակերպել է խաղարկություններ, ինչի դիմաց կրկին թմրանյութեր է ձեռք բերել:
Բացի այդ, երիտասարդը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել զգալի չափերով՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ, որըլ հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։
Երիտասարդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Ձեռնարկվում են քննչական-վարութային ահրաժեշտ միջոցառումներ թմրանյութերի ապօրինի շրջանառության նշված շղթայում ներգրավված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն կրկին իրազեկում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է, և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։ Նման հանցավոր արարքի կատարման համար որպես պատիժ, նախատեսվում է նվազագույնը ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։ Ուստի հորդորում ենք ձեռնպահ մնալ նման հանցավոր գործունեություն իրականացնելուց։