29/04/2024 13:24
Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ:
«Պարարվեստի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Այսօր աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը՝ ի նշանավորումն արվեստի այս գեղեցիկ ճյուղի և դրա երախտավորների։
Պարը ոչ միայն արվեստ է, այլև հաղորդակցման լեզու, որով հարաբերվում են բոլոր ազգերն ու հասարակությունները։
Հայկական պարն իր ոգեշունչ բովանդակությամբ, բազմաշերտ ասելիքով արտացոլում է մեր հազարամյակների պատմություն ունեցող հարուստ մշակութային ժառանգությունը, որը սերունդների համար միշտ բացահայտելու խորքեր ունի։ Պարը նաև այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին։
Առանձնակի շնորհավորում եմ պարարվեստի մեր երախտավորներին տարիների անձնվեր աշխատանքով ոլորտը զարգացնելու, ազգային պարը պահպանելու և հանրահռչակելու, մեզ պարի լեզվով աշխարհին հաղորդակից դարձնելու համար։
Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, դուք մեր երկրի հավատարիմ դեսպաններն եք թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս, որովհետև պարն այն ամենահասկանալի լեզուն է, որով ներկայացնում եք մեզ՝ որպես քաղաքակրթական մեծ ժառանգության կրողի։ Պարը նաև այն միջոցն է, որի շնորհիվ հաղորդակցվում ենք այլ մշակույթ կրողների հետ՝ արժանապատվորեն հանդես գալով նրանց բեմերում։
Մշակույթի ռազմավարության առանցքում կարևորելով արվեստի տարբեր ճյուղերի, այդ թվում՝ պարի զարգացումն ու խրախուսումը՝ պետությունն իրականացնում է մի շարք առաջնային ծրագրեր։ Դրանցից է միջազգային հեղինակավոր փառատոների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին պարգևատրելու քաղաքականությունը, որի նպատակն է ոգևորել, մշտապես խրախուսել և ըստ արժանվույն գնահատել ոլորտի երախտավորներին։
Բազմաթիվ ծրագրերով ԿԳՄՍ նախարարությունը նաև աջակցում է ազգագրական և ժողովրդական համույթների գործունեությանը, բալետային ներկայացումների, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացմանը, ժամանակակից պարարվեստի առաջընթացին։
Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, լեփ-լեցուն դահլիճներ ու պարը միշտ սիրելու ու սիրելի դարձնելու կամք»։