29/04/2024 22:34
«Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով Տավուշում է գտնվում, լրագրողների հետ զրույցում ասաց՝ կապ են հաստատել այսօր Փաշինյանի հետ հանդիպած կիրանցիների հետ, որոնք տուն վերադառնալու ճանապարհին են։
«Հանդիպմանը մասնակցած կիրնցիները շատ վրդովված են, հուզված ու մտահոգ։ Մինչ այդ մեր բարձրաձայնած մտահոգությունները հաստատվել են․ գյուղը բաժանվում է երկու մասի․ կամրջի հատվածը, տների հատվածը։ Մարդկանց սեփականության, կադաստրի վկայականները, ոչինչ հաշվի չի առնվել։
Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել Փաշինյանին՝ իրենց հետագա կյանքի հետ կապված, ապահովության հետ կապված։ Ոչ մի հարցի պատասխան չի տրվել։ Անգամ աբսուրդային պատասխաններ են հնչել, որ նույնիսկ այդքան զիջումներից հետո հնարավոր է՝ էլի ոտնձգություններ լինեն, և անվտանգության երաշխիք չկա։
Էս մարդը բերում, գյուղի մեջ նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց որևիցե մի երաշխիքի։ Ի՞նչ ասես՝ այդքանից հետո»,- նշեց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով՝ շուտով հանդիպմանը մասնակցած կիրանցիները կհասնեն տուն, և ավելի մանրամասն կքննարկեն ու կվերլուծեն ստեղծված վիճակը։