29/04/2024 10:33
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Կոլորադո նահանգում՝ Դենվեր, Ավրորա և Բոլդեր քաղաքներում, այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Մակունցը հանդիպել է Դենվերի տնտեսական զարգացման և հնարավորությունների գործակալության համաշխարհային բիզնեսի զարգացման տնօրեն Ստեֆանի Գարնիքայի, Դենվերի համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Քերըն Գարվիցի, քաղաքապետարանի ներկայացուցիչների և այլ փորձագետների հետ։
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ քաղաքը՝ բազմաթիվ հայեր իրենց ներդրումն ունեն քաղաքի զարգացման և ապագային միտված ծրագրերին։ Քաղաքապետն իր գնահատանքն է հայտնել հայկական համայնքի ակտիվ նեգրավվածության կապակցությամբ։
Դեսպանն առանձին հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների կին առաջնորդների հետ, այցելել Կոլորադոյի համալսարան (Դենվեր), հանդիպել ծրագրերի համակարգման ղեկավար Անդրեյ Միխաիլչենկոյի հետ, ոչ ընդարձակ հանդիպում է ունեցել հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ Բոլդերի ուսանողական քաղաքում։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, երկուստեք ընդգծվել է հայ համայնքի դերը և նշանակությունը ինչպես Կոլորադո նահանգի, այնպես էլ Հայաստանի զարգացման համար։
Կոլորադոյի համալսարանում (Դենվեր) հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը փոխանցել է ԵՊՀ ռեկտորի անունից համագործակցության նամակ-առաջարկը, քննարկվել են ԵՊՀ և Կոլորադոյի համալսարանի միջև համագործակցության ուղղություններն ու կրթական հատուկ ծրագրեր կազմելու հնարավորությունները։
Տեղի է ունեցել դեսպան Մակունցի հանդիպումը Կոլորադոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Մակունցը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքին, Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին և Սփյուռք-ՀՀ համագործակցության կարևորությանը։