29/04/2024 18:49
«Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ անդրադարձում դատախազությունը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել։
««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը (91-92 էջեր) պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկությունների շարք։
1) Նշված քրեական գործով ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ, որ պետությանը պատճառվել է 908 մլն ՀՀ դրամ վնաս։ Ավելին, հիմնավորվել է ճիշտ հակառակը` ըստ դատարանի, պետությանը վնաս չի պատճառվել: Հենց այդ պատճառով էլ 10.04.2024թ. դատարանն առանց քննության է թողել դատախազության ներկայացրած գույքային հայցը։
2) Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «ՎՆԱՍ» ՉԻ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ» և չէր էլ կարող «վերականգնվել»՝ այն պարզ պատճառով, որ մենք վճռականորեն մերժում ենք որևէ վնաս պատճառելու ենթադրությունը։
3) Համաձայն օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտերի՝ Արմեն Աշոտյանին վերագրված արարքում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է փողերի լվացման հիմնավոր կասկածը»,- գրել է Մելիքյանը։