29/04/2024 18:38
Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով՝ ավելի է ակտիվանում ու տարածվում»,- հանուն Տավուշի ընթացող պայքարին անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցում գտնվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Հանրապետությունում մթնոլորտն այլևս ամբողջությամբ այլ է, մարդկանց պատրաստակամությունը՝ մասնակցելու գործընթացին, ամբողջությամբ այլ է»,- ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում դժգոհության հսկայական ալիք է բարձրացել․
«Տավուշյան պայքարից բոլորն ունեն ակնկալիք»։
Սուրեն Պետրոսյանը կարծիք հայտնեց նաև՝ անկախ ամեն ինչից, խնդրի լուծումը տրվելու է Երևանում, Տավուշը պայմանական ասած՝ հենակետն է, պայքարն այստեղ շարունակվելու է։
«Տավուշցիները արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության խտացված կերպարներ են։ Ես այստեղ չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ։ Կրկնում եմ՝ այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են»,- տավուշցիների կամքի մասին ասաց Սուրեն Պետրոսյանը։