29/04/2024 12:51
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Անցյալ շաբաթ դեսպան ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ողջույնի խոսք է հղել «Հետտրավմատիկ արտթերապիայի» եռօրյա աշխատարանի մասնակիցներին։ Աշխատարանը տեղի է ունեցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ), որը վարել է ԱՄՆ-ից փորձագետ, արտթերապիայի հավաստագրված մասնագետ Դեյվիդ Միթչելը։
Դեյվիդ Միթչելը հոգեկան առողջության հարցերով առաջատար մասնագետ է, ունի գործնական փորձառություն և աջակցության նպատակով կիրառում է ստեղծագործական մոտեցումներ։ Ապրիլի 22-ից 29-ը Դեյվիդ Միթչելը աշխատարաններ է վարել հայ մասնագետների համար՝ գործակցելով ՀՄԿ-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և «Վորլդ վիժըն Արմենիա» կազմակերպության հետ։
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև աշխատարաններ ու կարողությունների զարգացման ու վերապատրաստման դասընթացներ` հոգեկան առողջության մասնագետների, սոցիալական աշխատողների, մանկավարժների, դպրոցների հոգեբանների համար՝ շեշտադրվելով տեղահանված անձանց ներառման կարևորությունը։ Դեյվիդ Միթչելը, լինելով ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» նախկին կամավոր, առիթ է ունեցել տարիներ առաջ բնակվել Հայաստանում և ամուր կապեր ունի երկրի հետ։
«Տեղահանումը կարող է նշանակալի հոգեբանական ու սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար։ Դեյվիդ Միթչելը կներկայացնի ամերիկյան փորձը, որը հուսով ենք կօգնի կատարելագործել հայ մասնագետների կարողությունները՝ հնարավորություն տալով առավել լավ արձագանքել տեղահանված անձանց կարիքներին ու նպաստել համայնքներում նրանց ներառմանը», - ասել է դեսպան Քվինը։