29/04/2024 13:07
Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր հարցին տվել է իրականությանը չհամապատասխանող պատասխան։
«ԱԺ պետաիրավական հանձնաժողովում դատախազության 2023 թվականի հաղորդման քննարկման ժամանակ մի քանի կարևոր հարց եմ ուղղել գլխավոր դատախազին: Քանի որ գլխավոր դատախազը իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան, առանձին գրառումով կտեղադրեմ իմ գրավոր հարցումները և դրանց պատասխանները, որպեսզի մեր քաղաքացիներին և ԶԼՄ-ներին պարզ դառնա, թե այդ ինչն էր այդքան անհասկանալի գրությունների մեջ:
Մեկ ուրիշ գրառումով էլ կտեղադրեմ ձերբակալությունների և կալանավորումների վիճակագրությունը, որի վերաբերյալ թեև պարզաբանումներ տրվեցին, բայց դրանք ոչ մի կերպ բավարար չէին կարող համարվել ինձ համար:
Նաև պատասխան չհնչեց որոշ հարցերի խոշտանգումների (այդ թվում կոնկրետ դեպքով) և օրենքի առաջ բոլորի հավասարության վերաբերյալ, հուսամ՝ դրանց էլ լիագումարում անդրադարձ կլինի»,- Facebook-ում գրել է Թորոսյանը։
Նշենք, որ Արսեն Թորոսյանն այսօր վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ Հայաստանում կալանքները կտրուկ աճել են ու դա, ըստ նրա, տեղի է ունեցել Աննա Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո։
«Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է հատկապես ձեր պաշտոնավարման ժամկետի հետ»,- դիմելով Աննա Վարդապետյանին՝ ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Թորոսյանը ներկայացրել է իր գրավոր հարցումներն ու դրանց պատասխանները։