29/04/2024 11:24
Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)
Հյուսիսային Արցախում՝ Չարդախլու (Խաչիսար) գյուղում ծնված ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը երբեք կապը չի կորցրել հայկականության և արմատների հետ: ԽՍՀՄ գլխավոր տանկիստը հաճախ էր լինում Հայաստանի տարբեր բնակավայրերում, նաև եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ հայրենի գյուղ հաճախ այցելում էր մարշալ Բաղրամյանի հետ: Լինելով հայկական միջավայրի ծնունդ՝ Համազասպ Բաբաջանյան իր բացառիկ ունակությունների և անձնական խիզախության շնորհիվ դարձավ համաշխարհային պատմությունը կերտող գլխավոր զորահրամանատարներից մեկը, որի մարտավարական հնարքներն ու ռազմագիտական տեսությունները մեր օրերում էլ շարունակում են պահել իրենց արդիականությունն ու դասավանդվում են տարբեր երկրների ռազմական ակադեմիաներում:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ ԽՍՀՄ պատմության ամբողջ ընթացքում միայն երկու զինվորականի է շնորհվել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում, ինչը վկայում է Բաբաջանյանի բացառիկ տրամաչափի մասին՝ որպես հրամանատար և որպես զորքերի կազմակերպման տեսաբան: Հայրենական պատերազմի տարիներին Բաբաջանյանի տանկային զորամիավորումներն իրական սխրանքներ են գործել՝ որոշիչ մասնակցություն ունենալով Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերում, նաև Բեռլինի գրավմանը: Իսկ ԽՍՀՄ հերոսի կոչում Բաբաջանյանին շնորհվել է Դնեստրի գետանցումը փայլուն կազմակերպելու համար: Պատերազմի ավարտից հետո էլ Բաբաջանյանն աչքի է ընկել բոլոր այն զինվորական պատասխանատու պաշտոններում, որոնցում պաշտոնավարել է՝ սկսած Գերմանիայում ԽՍՀՄ զորքերի շտաբի պետի պաշտոնից, վերջացրած կյանքի վերջին տարիներին Զրահատանկային ակադեմիայի տնօրենի պաշտոնով:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ հրամանատարական տաղանդի և գրագետ մարտավարական հնարքների համար տարբեր ժամանակներում մարշալ Բաբաջանյանին տարբեր անվանումներ են տվել՝ «Ծիտիկ», «Լեռնային արծիվ», «Երկաթե սև գեներալ», «Սև հովազ»: Վերջին անվանումը Բաբաջանյանին տվել էր գերմանական հրամկազմը, որի համար «Սև հովազի» զրահատանկային միավորները մահացու գլխացավանք էին: Բաբաջանյանը նաև երկաթյա կամային որակներ ունեցող արդարամիտ մարդ էր, որը կարող էր անհրաժեշտության դեպքում մերժել նաև վերադասի անտրամաբանական հրամանները, ինչպես եղավ 1943-ի Ստալինգրադի ճակատամարտի ընթացքում, երբ Բաբաջանյանը հրաժարվեց կատարել վերադասի հրամանը, հիմնավորեց գործողությունների իր տարբերակի արդյունավետությունը և դա ապացուցեց մարտի դաշտում՝ ամբողջ ճակատում (Լենինգրադից մինչև Կովկաս) կատարելով խորհրդային հակահարձակման առաջին խոշոր ճեղքումը:
Զրահատանկային զորքերի փառավորի՝ մարշալ Բաբաջանյանի հերոսական կյանքի ուղղուն նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։