30/04/2024 09:40
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև խոշտանգումներին և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքին կամ պատժին ու այլ նույնատիպ չարաշահումներին։
2022թ.-ից խոշտանգումների դեպքերի գերակշիռ մասի նախաքննության պատասխանատվությունը վերապահված է քննչական կոմիտեին, սակայն իրավապաշտպան-փաստաբանների դիտարկմամբ՝ կոմիտեի քննիչները չունեն նմանօրինակ գործեր քննելու փորձառություն։
Քննչական կոմիտեի կողմից թույլ տրված խոշտանգումների դեպքերով նախաքննությունները վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն, իրավապաշտպան-փաստաբանները գտնում էին, որ այս քննություններն անկախ ու թափանցիկ կերպով չէին անցկացվում, և ապահովված չէր արժանահավատ նախաքննությունների համար անհրաժեշտ հանրային վերահսկողություն։
Ըստ մարդու իրավունքների ակտիվիստների՝ բռնությունների հին ու նոր դեպքերի հետ կապված՝ իրավապահների անպատժելիությունը նպաստել է խնդրի շարունակականությանը. երբ ենթադրյալ մեղավորները շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները կամ ունեցել են պաշտոնեական առաջխաղացում։
Մարդու իրավունքների խախտման մի քանի ակնհայտ դեպքերի ընթացք չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողը քաղաքական դեմք է։ Օրինակ՝ առաջին դեպքը, երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա և որևէ պատասխանատվության չենթարկվեց, սա դարձավ իշխանությունների կողմից վերահսկվող բացարձակ անպատժելիություն։ Այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում նաև իրավապահ համակարգի վրա, որտեղ ուղղորդվում են իշխանության կողմից։
Ըստ այդմ՝ զեկույցում ներկայացված հիմնավոր տվյալների, ոստիկանական բարեփոխումների մշտադիտարկման տվյալների հիման վրա՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հուլիսի 25-ին ներկայացված զեկույցում նշված էր, որ 2022թ. ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ 199 հաղորդում է ստացվել, որը 20 տոկոսով է ավել է 2021թ. ընթացքում գրանցված դեպքերից և 54 տոկոսով ավել է 2019թ. դեպքերից։
Ոստիկանության՝ բռնությունների մասին հաղորդումները ներառում են՝ թմրամիջոցներ փնտրելու նպատակով անսպասելի ստուգայցեր գիշերային ակումբներ, որտեղ ծեծի ու ոտնձգությունների են ենթարկվել այցելուները, ԼԳԲՏ անձինք. եղել է 2 դեպք, երբ ծեծի են ենթարկվել նաև իրենց վստահորդին ներկայացնող փաստաբանները։
Օրինակ՝ փետրվարի 10-ին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին, որոնք Էրեբունու ոստիկանական բաժնում իրավական օգնություն էին ապահովում ձերբակալված երեխաներին։
Երևանի Նոր Նորք համայնքի երեք ոստիկանների դատավարությունը՝ ծանրամարտի չեմպիոն Արմեն Ղազարյանի և մեկ այլ անձի նկատմամբ՝ 2020թ. թույլ տված բռնության փաստով, տարեվերջի դրությամբ շարունակվում էր։ Երբ դատավորը պաշտոնի առաջխաղացում ունեցավ, և գործը փոխանցվեց նոր դատավորի, դատական լսումներն ապրիլի 10-ից վերսկսվեցին՝ չնայած դատավարությունն արդեն մոտ էր ավարտին։
Բոլոր երեք ամբաստանյալները գրավի դիմաց ազատ են արձակվել և վերադարձել իրենց աշխատանքներին։
Զինված ուժերում նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումները շարունակվել են։
Անհասկանալի է բռնության՝ այս տեմպերով աճի պատճառը, և հասկանալի չէ, թե բռնության ենթարկողները վերջիվերջո կստանա՞ն իրենց պատիժը համապատասխան ատյանների կողմից»: