30/04/2024 16:45
ՀՀ փոխվարչապետները և Կոոպմանն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը
Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը:
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի նշանակությունը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ Կառավարության ջանքերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, այդ թվում՝ եվրոպական ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի շրջանակներում։ Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ կարևորելով դրանց համակարգաստեղծ նշանակությունը:
Զրուցակիցները կարևորել են ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, ինչպես նաև առանձնակի շեշտել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և ընդգծել ապաշրջափակման դեպքում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: