30/04/2024 15:18
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդել են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։
«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում, որի ընդունումը մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։