01/05/2024 23:14
«Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին
Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ տավուշցիների՝ կիրանցիների մտահոգություններին, որոնք վերաբերում են «սահմանազատման» հետևանքով իրենց անվտանգության մեծացող սպառնալիքներին․ գյուղերը, տարածքները դառնալու են ավելի խոցելի։
Այս մտահոգություններին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, թե Տավուշի գյուղերն Ադրբեջանի կողմից հիմա էլ են դիտարկվող։
«Այսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է, և դպրոցի և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի խոչընդոտ չկա, իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու է խոչընդոտ՝ ի դեմս սահմանազատված սահմանի: Ես այդ եմ մեր սիրելի գյուղացիներին և քաղաքացիներին փորձում ներկայացնել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը մեկ այլ առաջարկ էլ ներկայացրեց․ եթե ադրբեջանական կողմի համար տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել։
«Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է»,- ասաց նա։