01/05/2024 09:43
«Հրապարակ»․ Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ քննարկել են նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը
«Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով փորձում է ցրել միջպետական ճանապարհը փակած կիրանցիներին և նրանց աջակցության գնացած տարբեր գործիչներին, որոնք արդեն տասն օրից ավելի է գիշերում են փողոցում՝ թույլ չտալով Կիրանցում սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ իրականացնել։
Գյուղից մեզ պատմեցին, որ երեկ մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը և փորձել են բոլորին տուն ուղարկել՝ հիմնավորմամբ, որ պայքարն արդյունք չի տալիս: Որպես փաստարկ ասել են, որ եթե հանդամիջյան ճանապարհները բացեն, ապա մասնագետներն այդ ճանապարհներով կարող են բարձրանալ հանձնվող տեղանքներն ու սյուներ տեղադրելու աշխատանքներն իրականացնել։ Սակայն պայքարողները չեն տրվել սադրանքներին և երեկ քննարկում էին նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը»։