01/05/2024 17:54
Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, ձերբակալվեց։ Նրան ձերբակալել են՝ կալանավորման միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա «տուժող» է ճանաչվել, իսկ Սուքոյանի փաստաբաններն ահազանգում էին, որ որոշում կա՝ Սուքոյանին ձերբակալելու։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Արթուր Սուքոյանն արդեն ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել «Civic.am»-ի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով նրա մասնագիտական (լրագրողական) օրինական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով՝ իբրև հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն։ Արթուր Սուքոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։