01/05/2024 16:36
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ «սահմանագծման» անվան տակ, հակասում է և՛ միջազգային պրակտիկային, և՛ մեր սահմանադրությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով գտնվում է Կիրանցում։
Վազգեն Մանուկյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն իրեն Հայաստանի «սեփականատեր» է զգում՝ ինքնակամ որոշում է՝ որ կտորը հողը ում տա, ում չտա։
«Եվ կարևոր է, որ ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար, այդ իրավունքները ամբողջ Հայաստանի իրավունքներն են»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
ՀՀ գործող իշխանությունը, հայտարարելով, թե ուզում է կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի, հաշվի չի առնում Ադրբեջանի հետապնդած իրական նպատակները, կարծիք հայտնեց Վազգեն Մանուկյանը։
«Ադրբեջանը լրիվ ուրիշ խնդիրների մասին է խոսում․ խոսում է Հայաստանի մասին՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի»։ Նրա նպատակն է ամրապնդվել մեր բարձունքների վրա, որպեսզի շարունակի իր նվաճողական ընթացքը։ Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը»,- ընդգծեց Մանուկյանը։
Ըստ նրա, սակայն, անդառնալիության կետը հատված չէ․ եթե ժողովուրդը միասնական որոշում ընդունի և միասնաբար պայքարի, դրան դժվար կլինի դեմ գնալ։