01/05/2024 19:32
Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետը
«Սահմանազատման» հետևանքով, նախնական հաշվարկներով, Կիրանցում 2 բնակելի տուն է անցնելու Ադրբեջանին, սակայն սահմանի անցնելիք գծին շատ մոտ են հայտնվելու նաև հարակից 8 տներ, որտեղ ապրելը անհնար է լինելու, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը։
«Կան 12,13,14 «տոչկեք», որոնք նախատեսում են միացնել իրար, դրանցից մեկը գտնվում է կամրջի հետևում։ Սովետական միության ժամանակվա քարտեզով կամուրջը մեր գյուղի տարածք է համարվել»,- ասաց Շահինյանը։
Հարցին՝ տեղեկություններ կան, որ կամուրջն էլ է Ադրբեջանին անցնելու, Շահինյանը պատասխանեց․
«Ես էլ եմ ասում, որ էդ տոչկեքով կամուրջն էլ է իրենց անցնում։ Կամուրջն անցնում է, մոտ 120 մետր էլ վերև»։
Շրջափակման մեջ հայտնվելու վտանգի մասին հարցին ի պատասխան՝ Շահինյանը ցույց տվեց՝ իրեն ներկայացված կետերը որտեղով են անցնելու․
«Մի կետը գետի վրա է, մյուսը կամուրջն անցնում է, 120 մետր էլ վերև, մյուսը մեր գյուղի պապական հողի մեջ՝ Սաքոյի հողի մեջ է, ինչքան որ տեսել եմ քարտեզի վրա, անցնում է այդ հատվածում գտնվող տան տակով, այգու մեջով»։
Կիրացի վարչական ղեկավարը կրկնեց՝ ասում է այն, ինչ իրեն օրեր առաջ կառավարությունում են ասել, մնացածը, նրա խոսքով, թող կիրանցիները որոշեն։