02/05/2024 21:13
Ինչպես է արտահայտվում փսիխոզը
Սոմատիկ հիվանդության ծանր, ձգձգվող ընթացքը կարող է նպաստել սիմպտոմատիկ փսիխոզների երկարատև ձևերի առաջացմանը՝ ընդհուպ մինչև 2-3 ամիս։ Փսիխոզներն ավարտվում են երկարատև ծանր ասթենիայով, իսկ երբեմն կարող է զարգանալ փսիխոօրգանական համախտանիշ։ Փսիխոօրգանական համախտանիշը բնորոշվում է հիշողության թուլացմամբ, դատողությունների մթագնմամբ, աֆեկտիվ անկայունությամբ։
Առանձնացնում են համախտանիշի հետևյալ տարբերակները.
Ասթենիկ. արտահայտվում է հոգեկան և ֆիզիկական թուլությամբ, դյուրհոգնելիությամբ, ուշադրության հյուծվածությամբ, հիշողության թուլացմամբ, ցածր աշխատունակությամբ։
էքսպլոզիվ. Այս տարբերակի դեպքում ամենաարտահայտված ախտանիշը աֆեկտիվ անկայունությունն է։ Հիվանդները զայրացկոտ են, հակված դիսֆորիկ պոռթկումների և ագրեսիվ վարքագծի։
էյֆորիկ. Այս դեպքում հիվանդները անհոգ են, երջանիկ, առանց քննադատական վերաբերմունքի իրենց իրական վիճակի նկատմամբ։
Ապաթիկ. Հիվանդներն անտարբեր են թե՛ իրենց անձի, թե՛ շրջապատի նկատմամբ։
Ձգձգված սիմպտոմատիկ փսիխոզներին բնորոշ են նաև դեպրեսիվ, մանիակալ, հիպոխոնդրիկ, շիզոֆրենանման դրսևորումները։ Հիվանդությունն ընթանում է հուզական անկայունությամբ, դյուրագրգռությամբ, հոգեկան արագ հյուծվածությամբ, սոմատո-վեգետատիվ խանգարումներով։
Այս հարցում որոշակի նշանակություն ունի նաև կանխատրամադրվածությունը։ Սիմպտոմատիկ փսիխոզները առավելապես հանդիպում են ռևմատիզմի, բրուցելոզի, մալարիայի, բծավոր և որովայնային տիֆի, կատաղության, էնցեֆալիտների, ՁԻԱՀ-ի և սիֆիլիսի ժամանակ։
Սոմատիկ ոչ վարակիչ հիվանդություններից պետք է նշել սրտամկանի ինֆարկտը, լյարդի և երիկամների հիվանդությունները, թոքերի տուբերկուլյոզը, չարորակ ուռուցքները, չարորակ անեմիան, հետծննդյան պսիխոզները։
Սիմպտոմատիկ փսիխոզների բուժումն անցկացվում է համալիր ձևով, որտեղ առաջնակարգ տեղ է տրվում հոգեկան խանգարում առաջացնող պատճառի վերացմանը։ Այդ տեսակետից հիվանդը մշտապես պետք է գտնվի թերապևտի, սրտաբանի, էնդոկրինոբանի, ինֆեկցիոնիստի, հոգեբույժի կամ համապատասխան այլ մասնագետ-բժշկի հսկողության տակ։
Քանի որ փսիխոզի սուր շրջանում հիվանդը վտանգավոր կարող է լինել ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, ուստի նրան պետք է մեկուսացնել և ապահովել շուրջօրյա հսկողությամբ։ Փսիխոզի ձգձգվող ընթացքի դեպքում հիվանդի բուժումն ավելի լավ է կազմակերպել ընդհանուր հիվանդանոցի սոմատոպսիխիկ բաժանմունքում:
Հաշվի առնելով, որ սոմատիկ հիվանդությունների ժամանակ հաճախ դիտվում է բարձր զգայունություն նեյրոլեպտիկ դեղամիջոցների հանդեպ, առաջանում են կողմնակի երևույթներ, դրանք պետք է կիրառել ոչ մեծ դեղաչափերով՝ ցուցաբերելով զգույշ և անհատական մոտեցում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն