02/05/2024 15:50
Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2024 թվականի տարեկան զեկույցը, որտեղ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2023 թվականին երկրում կրոնական ազատության պայմանները բացասական միտում են ունեցել։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Արցախին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար։
2023 թվականի մայիսին Կրոնական հարցերի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հորդորել էր հայ առաքելական քահանաներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում հնչեցնելով, թե նրանք, իբր, որևէ կապ չունեն կրոնական վայրի հետ։ Նշվում է, որ թեև հոկտեմբերին Ստեփանակերտում ՄԱԿ-ի առաքելությունը եզրակացրել է, որ «ոչ մի վնաս չի հասցվել մշակութային կամ կրոնական կառույցներին», մյուս կազմակերպությունները շարունակել են մտահոգություն հայտնել տարածաշրջանում վնասների կամ ավերածությունների հնարավորության հետ կապված:
2023 թվականի նոյեմբերին Caucasus Heritage Watch (CHW) հետազոտական նախաձեռնությունը հայտնել է Շուշիի պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցու վնասման մասին։ Նույն ամսին CHW-ն հրապարակել է արբանյակային պատկերներ, որոնք վկայում են, որ հնարավոր վնասներ են հասցվել նաև Շուշիի երկու հայկական գերեզմանատներին։
Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանը ներառել առանձնահատուկ մտահոգության երկրների ցանկում (CPC), ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և կրոնական կամ մշակութային այլ վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար։
USCIRF-ը նաև դիմում է Կոնգրեսին՝ հանրային լսումների և այլ գործողությունների միջոցով արտահայտել մտահոգություններն Ադրբեջանում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների ավելի լայն խախտումների վերաբերյալ, հանդես գալ բոլոր կրոնական բանտարկյալների ազատ արձակման օգտին։
Նշենք, որ հանձնաժողովը ԱՄՆ Պետքարտուղարությանը խորհուրդ է տալիս ներառել պետություններին առանձնահատուկ մտահոգության երկրների ցանկում (CPC), քանի որ նրանց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնի կամ հավատքի ազատության իրավունքի հատկապես լուրջ խախտումներ:
Պետքարտուղարությունը 2023 թվականի դեկտեմբերին CPC ցանկում ներառել է 12 երկիր՝ Բիրմա, Չինաստան, Կուբա, Էրիթրեա, Իրան, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա, Պակիստան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան և Թուրքմենստան, ինչպես նաև հինգ լրացուցիչ առաջարկություններ՝ կապված Աֆղանստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի, Նիգերիայի և Վիետնամի հետ: