02/05/2024 11:56
Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել
Կառավարությունն այսօր քննարկեց «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ օժանդակության ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններից ելնելով մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը:
Նրա խոսքով՝ այս ծրագրով նախատեսվում է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին օժանդակություն՝ բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելու գործընթացում:
Անդրեասյանը շեշետեց, որ նրանց բարձրագույն կրթություն ստանալու ծախսերը կգոհա նախարարությունը:
«2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»,-նշեց նախարարը։
Անդրեսյանը նաև հավելեց, չնայած 2023 թվականի սկզբին կատարված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, այդուհանդերձ, համակարգում դեռևս շարունակում էին մնալ ավելի քան 1300 ուսուցիչներ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը։
2023 թվականին բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ դիմեց կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար, նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում է ատեստավորված, շարունակում է ուսուցչական գործունեությունը և ստանում վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման իրենց արդյունքների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ այս իրավիճակի հետ կապված կարող է հետևյալ սոցիալ-հոգեբանական գործոնը տեղի ունենալ. «Ընդհանրապես ՀՀ-ում նման փորձ կա, երբ կառավարության ծրագրերի հետևողականության մասով ամուր ընկալում չկա: Այսինքն՝ մտածում են, որ օրենք է՝ ընդունել են, մի 10 տարուց կչեղարկեն: Պետք է խոստովանել, որ այսպիսի պատմություններ ՀՀ-ում շատ են եղել՝ 2018-ից առաջ էլ, հետո էլ»:
Փշինյանը շեշտեց՝ երբ օրենք են ընդունում, սկսում են հետաձգել դրա կիրառումը, բայց երբեք չեն հարցնում, թե դրա արդյունքում ի՞նչ վնաս է կրում պետությունը։