02/05/2024 21:48
Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռաախոսազրույցում ընդգծել է՝ ԵՄ-ն պետք է հարգի Իրանի զինված ուժերին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ունեցած ազդեցությունը, Իրանի արտգործնախարարն այս համատեքստում նշել է՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում։
«Նշելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառուցողական ջանքերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում և ահաբեկչության դեմ պայքարում, ես ԵՄ-ին կոչ եմ արել հարգել Իրանի զինված ուժերը»,- Բորելի հետ հեռախոսազրույցից մանրամասներն է հայտնել Իրանի արտգործնախարարը։
Աբդոլլահիանը Բորելին կրկին վերահաստատել է իրանական կառավարության դիրքորոշումը․ «Հրեական պետության վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակման, օրինական է և ուղղված է ինքնապաշտպանությանը»:
Ինչպես նշված է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին հավաստիացրել է, որ ԵՄ-ն չի ձգտում լարվածության՝ Իրանի հետ հարաբերություններում։