02/05/2024 20:48
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը․
«Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։
– Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը
Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի և «Հայաստան» խմբակցության անունից։ Դաշնակցությունն իր կառույցով և բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել Տավուշը հանուն հայրենիքի շարժման կողքին, ներկա է եղել Տավուշում և գործնական աջակցություն ցուցաբերել ձևավորված Շարժմանը։ Ողջ ընթացքում Տավուշում են եղել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այս թեմայով աշխատանքներ են իրականացվել նաև ԱԺ-ում և միջազգային հարթակներում։
- Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն ստանձնում առաջնորդություն։
Տավուշում արդեն կա ձևավորված Շարժում։ Այն ունի բնականորեն ձևավորված հստակ առաջնորդություն՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, ով անգնահատելի և պատմական առաքելության է իրականացնում։
- Ինչո՞ւ զուգահեռ այլ գործընթաց չի նախաձեռնվում:
Մենք այս պահին ճիշտ չենք համարում առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, քանի որ արդեն կա ձևավորված հակազդեցության օջախ և մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչով աջակցել այդ գործընթացին և այն դարձնել համահայաստանյան ու համահայկական։
-Ինչո՞ւ տարբեր ուժեր չեն միանում այս պայքարին:
– Ինձ համար անհասկանալի են բոլոր այն ուժերը և անհատները, ովքեր տարբեր քաղաքական հաշվարկներով պայմանավորված՝ անգործունեություն կամ պասիվություն են ցուցաբերում. կա սրբազան պայքար, պետք է կանգնել այդ պայքարի կողքին։
- Ինչո՞ւ հենց հիմա չի նախաձեռնվում իմպիչմենտի գործընթաց:
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։ Սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը և այն երաշխավորված տապալման տանելը մենք անթույլատրելի ենք համարում։ Մենք կգնանք այդ գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար։ Ուստի առաջիկայում բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն այդ ուժի կուտակմանը»։