02/05/2024 11:49
Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս նախաձեռնությունը հենց ուսուցիչների համար է:
«Մենք պետք է օգնենք նրանց: Այս քաղաքականությունը նրա համար չէ, որ մենք մարդկանց դուրս թողնենք համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի ինստիտուցիոնալ ներգրավում ապահովենք: Կարծում եմ, որ բոլոր ուսուցիչներին պետք է բոլոր հնարավոր միջոցներով օգնենք: Մեր երեխաների, աշակերտների առաջ էլ պետք է արդար լինենք, որպեսզի երաշխավորենք նրանց պատշաճ կրթությունը: Իմ համոզմունքն է, և փորձն էլ է ցույց տալիս, որ այսօրվա կրթության մակարդակը կանխորոշում է, թե հասուն տարիքում այդ աշակերտը բարեկեցության ինչ մակարդակի մեջ է լինելու: Այսօր, երբ առնչվում ենք աղքատության երևույթի հետ և փորձում ենք վեր հանել դրա խորքային պատճառները, ի վերջո, կրթության որևէ օղակում նրանց չստացած ծառայություններն են: Աղքատության ուրիշ պատճառ չկա։ Կարող են փոքր տոկոս լինել մարդիկ, ովքեր կյանքի հանգամանքների բերումով դուրս են մնացել, ժամանակին ստացել են որոշակի կրթություն, բայց հետագայում դուրս են մնացել կրթության բանաձևից», - ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ կառավարությունը պետք է կարողանա ապահովել, որ մարդն իր աշխատանքով իր ընտանիքը պահի աղքատության շեմից վերև:
«Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Սա խոսում է անտրամաբանական և անազնիվ կոմպրոմիսի մասին: Մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա՝ ուսուցչի աշխատանքն ընկալվում է, որ այնքան որ տնից դուրս գան: Բա կներեք, երեխաների ուսուցման պարտականությունն ո՞ւմ վրա է: Կամ եթե այդ վիճակն է, ուրեմն կրթության բաց կա, և մենք հիմա առաջարկում ենք այդ բացը լրացնել»,- ավելացրեց վարչապետը: