02/05/2024 12:03
Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքվ՝ մեր տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճել։
«Մեզ թվացել է, որ մենք արտոնյալ պայմաններ ստեղծելով, պետք է մարդկանց ստարտային հնարավորություն տանք, տրամպլին ստեղծենք մարդկանց համար, որպեսզի նրանք աճեն և տնտեսությունն ու բիզնեսն էլ աճեն, նրանք աճելով՝ հասնեն ԱԱՀ-ի դաշտ: Բայց հիմա, երբ ուսումնասիրում ենք պրակտիկան, տեսնում ենք, որ այդ տնտեսվարողները (հիմա շրջանառության հարկի շեմը 120մլն դրամ է) սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են: Այսինքն՝ մենք ստեղծել ենք մի այնպիսի դաշտ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, որ մենք պետք է փուլ առ փուլ հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից:
«Սա կարևոր արձանագրում է, որպեսզի մենք ճիշտ մոտիվացիաներ դնենք բիզնեսի համար: Հարկային համակարգն այն է, ինչ քաղաքացին վճարում է պետություն ունենալու համար: Քաղաքացին, ամեն լուման հարկ վճարելով՝ ուժեղացնում է պետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ավելացրեց վարչապետը: