02/05/2024 12:53
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր
Կառավարության նիստի ժամանակ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ ոստիկանության գվարդիան ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է, որը կոչված է պաշտպանելու անձի իրավունքները և ազատությունները, ինչպես նաև ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը։
«Ոստիկանության գվարդիայի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության գվարդիայի հրամանատարը:
Ոստիկանության գվարդիայի ղեկավարման մանրամասները սահմանվում են ոստիկանության գվարդիայի կանոնադրությամբ»,-նշեց Սարգսյանը:
Ոստիկանության գվարդիայի հրամանատարը կնշանակվի մինչև 2025 թվականի հունվարի 10-ը: Ոստիկանության գվարդիայի ամբողջական ձևավորումն իրականացվելու է ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակումից հետո՝ երկամսյա ժամկետում:
Մինչև ոստիկանության գվարդիայի ծառայող նշանակվելը, ոստիկանության զորքերի զինծառայողները շարունակելում են իրականացնել իրենց պարտականությունները և իրավունքները՝ հանդես գալով որպես ոստիկանության զորքերի զինծառայողներ:
«Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է: Ոստիկանության բարեփոխումների թեմայով վերջին երկու տարիների ընթացքում միայն իմ մասնակցությամբ 10-ից ավելի քննարկումներ են եղել: Ունենք պատշաճ նախագիծ՝ ոստիկանության նոր համակարգ ձևավորելու: Ուզում եմ ընդգծել՝ այն համապատասխան է ժողովրդավարության մեր պատկերացումներին: Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց: Սա կարևոր է և՛ ոստիկանին, և՛ քաղաքացուն պաշտպանելու համար»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: