02/05/2024 22:15
Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 12-րդն օրն է՝ շարունակում է հացադուլը «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում։
Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին օդանավակայանից թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան՝ պատճառաբանելով, թե նրա մուտքն արգելված է:
Նիկոլյանն առողջական մի շարք լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով շատ դժվարությամբ է խոսում:
ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, որ սրտի ու թոքի հետ կապված խնդիներ ունի: Բժիշկները պարբերաբար մոտեցել, զննել են, բայց հիվանդանոց չեն տեղափոխել։
«Մինչ այսօր ինձ ստուգում էին, բայց կոնկրետ այսօր չեն էլ եկել բժիշկները:Վարչապետից, կառավարությունից հարցրեք՝ ինչո՞ւ չեն ինձ տեղափոխում հիվանդանոց, իրենք չեն ուզում»,-ասել է նա:
Լեո Նիկոլյանը պատմել է, որ մինչ օրս չի ստացել պարզաբանում՝ ինչ հիմքով է իր մուտքը Հայաստան արգելվել։
«Ես վստահ եմ, որ Ոսկեպարի հետ է կապված, քանի որ մոտ մեկ ամիս էնտեղ եմ մնացել՝ մինչ Փարիզ մեկնելս ու լուսաբանել եմ՝ ինչ իրավիճակ է այնտեղ»,-հավելել է նա:
Լեո Նիկոյանը նաև հայտարարել է, որ չի հեռանալու օդանավակայանից, շարունակելու է հացադուլը։
«Ես կամ կամ կմտնեմ Հայաստան, կամ էլ կմնամ օդանավակայանում»,-եզրափակել է նա: